Ձեր կողմից բարձրացված հարցը կարգավորվոմ է
Քաղաքացիական օրենսգրքի 187-ր հոդվածով, համաձայն որի Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ է հետևյալ 4 պայմանների միաժամանակյա առկայությունը.
Գույքի տիրապետումը պետք է լինի բարեխիղճ, այսինքն գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման, տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։
Տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական գույք, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։
Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ,այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։
Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով: