Հարգելի A.M.,
Համաձայն ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման 1-ին հավելվածի
3-րդ կետի` աշխատողները գործուղման մեկնում են գործատուի անհատական իրավական ակտի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և
ժամկետները: Նույն որոշման
6-րդ կետի համաձայն` գործուղման մեկնելու օր է համարվում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու օրը, իսկ վերադառնալու օրը` աշխատանքի հիմնական վայր ժամանելու օրը: Անհատական իրավական ակտի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից):
Վերոնշյալ որոշման
7-րդ կետում նշված են գործուղվող աշխատողին վճարվող ծախսերը: Նույն կետի
4-րդ պարբերության համաձայն`գործատուի կողմից հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը: Հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից ծախսերի մասնակի ֆինանսավորման դեպքում հատուցման ենթակա գումարի տարբերությունը գործուղվող աշխատողին վճարվում է գործատուի կողմից:
Հետևաբար, հրամանում նշված գործուղման այն օրվա համար, որի օրապահիկի ծախսերը չի հոգում հրավիրող կողմը, գործատուն պետք է վճարի գործուղվող աշխատողին: